
Հարգելի՛ գործընկերներ, ինչպես արդեն տեղեկացաք mskh-ի, ֆեյսբուքի, հեռուստատեսության միջոցով, այսօր թիվ 93 մանկապարտեզը սկսել էր հերթական ապօրինի գործողությունները: Ի պաշտպանություն նրանց՝ պատնեշով կանգնած էր ոստիկանական շարասյունը: Մանկավարժների, ծնողների փոքր կազմով խոչընդոտեցինք գործողությունների իրականացմանը, ինչի համար շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին: Քանի որ սպասելի է, որ վաղը այդ գործողությունները նորից կսկսվեն, Հյուսիսային դպրոցը ողջ կազմով ներկա է լինելու թիրախային լանջում: Տեղեկացնում ենք ձեզ, խնդրում, որ բոլորը, ովքեր կարևորում են սովորողների, բնակիչների, մեր իրավունքների վերականգնումը, վաղը ժամը 9-ից աջակցեն իրենց ներկայությամբ: Խնդրում ենք տեղեկացնել սովորողներին, ծնողներին:
Մենք խախտված կետերի մասին հաղորդել ենք քաղաքաշինության կոմիտեին, քաղաքապետարանին, ավագանուն, նրա 65 անդամներին՝ անհատապես, քաղաքապետին, վարչակազմի ղեկավարին, ու ո՛չ մեկ անգամ։ Մասնակցել ենք նաև հանրային լսումներին ու այդ հարթակում ևս ներկայացրել ենք մեր պահանջը: Բոլոր հնարավոր օղակներին տեղեկացրել ենք, սակայն մինչ օրս չենք ստացել ոչ մի արձագանք մեր դիմում -բողոքարկումներին:
Տիարն իր անունից այսօր հայտարեց, որ չի նահանջելու և սկսելու է իր խաղաղ ցույցը: Խնդրեց, որ բոլոր ցանկացողները, ովքեր կհայտարարեն, որ իրենց կամոք են իրականացնում ազատ տեղաշարժի իրավունքի պաշտպանությունը, միանան իրեն և իրենց հռչակեն հավաքի կազմակերպիչ:
Մենք միանում ենք, առավոտյան ժամը 9-ին սկսում ենք մեր խաղաղ անհնազանդությունը Հյուսիսային դպրոցի լանջին:
Ակնկալում ու կարևորում ենք յուրաքանչյուրիդ աջակցությունը:
Կցում եմ «ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ կարգ»-ը
1. Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունն իրականացվում է սույն կարգով:
2. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հասարակայնությանն իրազեկում են համայնքների ղեկավարները:
(2-րդ կետը խմբ. 16.04.09 N 391-Ն, փոփ. 03.03.11 N 257-Ն)
3. Իրազեկումն իրականացվում է`
ա) զանգվածային լրատվության (այդ թվում` էլեկտրոնային) միջոցներով (տեղական և հանրապետական ռադիո, հեռուստատեսություն, լրագիր).
բ) ծրագրերի և նախագծերի ցուցադրման միջոցառումներով, հրապարակումներով տեղական ինքնակառավարման մարմինների ինտերնետային կայքերում տեղադրմամբ.
գ) հասարակական քննարկումներով:
(3-րդ կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)
3.1. Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծման առաջադրանքները ևս ենթակա են հասարակության իրազեկման` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և
գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 208- Ն որոշումներով հաստատված կարգերով:
(3.1 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)
3.2. Սահմանված կարգով հաստատված գոտևորման նախագծեր ունեցող տարածքներում կառուցվող օբյեկտների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բնապահպանական փորձաքննության ենթակա քաղաքաշինական օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերի մասին հասարակայնության իրազեկման դեպքերն ու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշմամբ սահմանված կարգի 13.3-րդ և 13.4-րդ կետերով:
Քնարիկ Ներսիսյան ․ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր, Հյուսիսային/Գեղարվեստի դպրոց-պարտեզ





